ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԸ


«Նոր Հաճըն» քաղաքը մեր հանրապետության գեղեցիկ ու ինքնատիպ բնակավայրերից մեկն է իր յուրօրինակ կառուցապատմամբ: Այս մաքուր ու գողտրիկ քաղաքը ունի բազում գեղեցիկ շենքեր ու այգիներ:

 

Այն գտնվում է Արարատյան դաշտին հարող Կոտայքի բարձրավանդակում` ծովի մակերևույթից 1338 մ բարձրության վրա։ Արևելքից քաղաքը գոտեվորվում է առողջարանային գոտի հանդիսացող Արզնիի կիրճով (իր նշանավոր «Արզնի» հանքային ջրով), արևմուտքից` Արզնի-Շամիրամ ջրանցքով, որը սնվում է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի ջրերով:

   Նոր Հաճընին քաղաքի կարգավիճակ է տրվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1991 թ. օգոստոսի 12-ի թիվ 91 որոշմամբ: Որի համաձայն Նոր Հաճընը դարձել է շրջանային ենթակայության քաղաք ենթարկվելով Նաիրիի շրջխորհրդի գործկոմին (ավանային սովետը վերածվել է քաղսովետի)

   1996 թ. մտել է Կոտայքի մարզի տարածաշրջանի մեջ: Քաղսովետը վերածվել է քաղաքապետարանի:

   Քաղաքի վարչական տարածքը 200 հա է: 2008 թվականի տվյալներով Նոր Հաճընը ունի մոտ 12.000 բնակչություն, որոնց 99 տոկոսը հայեր են: Կան նաև ռուսներ, ասորիներ, բելոռուսներ, ուկրաինացիներ, եզդիներ և այլ ազգի ներկայացուցիչներ: Նոր Հաճըն քաղաքն ունի 4 հանրակրթական դպրոց, արվեստի դպրոց,   մանկապարտեզ, մարզադպրոց, բազմապրոֆիլ պոլիկլինիկա, մշակույթի պալատ` 450 տեղանոց դահլիճով, Կիլիկիայի պատմության թանգարան,քաղաքային գրադարան` գրադարանում գրքային ֆոնդը կազմում է 30.000 կտոր գիրք, որն ունի 550 մշտական ընթերցող: Քաղաքը հարուստ է կրթական, մշակութային, հայ-ֆրանսիական բարեկամության և մշակույթի կապերի կենտրոններով և այլ արժեքավոր հաստատություններով: Քաղաքն ունի մարզադաշտ` 2000 նստատեղով, բազմապրոֆիլ պոլիկլինիկա 62 բուժաշխատողով, միջքաղաքային հեռախոսակայան 3000 համար հզորությամբ:

   Նոր Հաճընի տարածքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953-ից` Արզնի ՀէԿ-ի շինարարությանը զուգընթաց: Այն կրել Է Սիլավոյ պայմանական անունը, որը ծագում Է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձևավորվել է 1958-ից` ՏՃՔ -ի, այնուհետ` «Սապֆիր» արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց:

   1958 թվականի նոյեմբերի 4-ին, ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի, բնակավայրը անվանակոչվել է Նոր Հաճըն: Այժմ Հաճընից մազապուրծ փրկվածների ժառանգներից միայն մեկ ընտանիք է բնակվում Նոր Հաճըն քաղաքում` Բաղբուդարյանների ընտանիքը: Որոնք ապրելով Նոր Հաճըն քաղաքում հավերժացնում են իրենց հին հայրենիքի հիշատակը:

   Նոր Հաճընը համարվում է արդյունաբերական կենտրոն, որը հայտնի է իր տեխնիկական ճշգրիտ քարերի արտադրությամբ, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդաքարերի մշակմամբ: Նորհաճընցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։Նոր Հաճընում իրականացվող տնտեսական զարգացման ծրագիրը ադամանդագործական մեծ ու փոքր արտադրությունների զարգացումն է:

Միշտ փա´ռք ու պարծա´նք,

Չքնա´ղ,փառահե´ղ,

Մեր Նո´ր Հաճընին

   «Նոր Հաճըն» քաղաքը բարեկամական կապերի մեջ է Ֆրանսիայի Շասս-Սուղ-Ղոն և Իտալիայի Կամպոբելլե-դի Լուկատա քաղաքների հետ, որոնց հիմքում հաճընցիներ են: Հաճընցիական գաղթօջախներ կան ԱՄՆ -ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում և Լիբանանում, որոնք համախմբված են «Հաճըն» հայրենակցական միությունների մեջ և կապեր են պահպանում Նոր Հաճըն քաղաքի հետ:Մինչ օրս աշխարհասփյուռ հաճընցիները իրենց աջակցությունն են ցուցաբերում քաղաքի կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալ-տնտեսական բնագավառներին` նոր սերնդի մեջ սերմանելով արժանապատիվ հաճընցուն ու հային վայել կենսաձև: «Նոր Հաճընն» ունի համաքաղաքային և համահաճընցիական հիշատակի օր (տոն)` «Հաճըն»ի 1920թ հերոսամարտի նահատակների հիշատակը ոգեկոչող և «Նոր Հաճըն» քաղաքի հիմնադրման տարելիցին նվիրված, որը տեղի է ունենում ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը, որին մասնակցում են բոլոր հաճընցիները և «Նոր Հաճը» քաղաքի բարեկամները Հայաստանից և արտերկրից:

   Քաղաքն ունի Կիլիկիո Հաճընի հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող: Հուշարձան-կոթողին կից գործում է Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը:

   Քաղաքն ունի 8 ուղղաձիգ փողոցներ` 22600 քմ ասֆալտապատ մակերեսով` 1.7 կմ ընդհանուր երկարությամբ: Կանաչապատ մակերեսը կազմում է 49.4 հեկտար: Կառուցապատված է 3-ից 9 հարկանի բնակելի շենքերով, որոնց ընդհանուր թվաքանակը 63 է` 155.700 քմ ընդհանուր մակերեսով: Կան նաև հարյուրավոր առանձնատներ:


Օրիգինալ https://www.facebook.com/groups/438197792909220

close