ՀԱՃԸՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Ազգային վեհ գաղափարները միշտ պետք է վառ պահել ժողովրդի գիտակցության մեջ, որպեսզի ապագայում ունենանք ճիշտ ձեւավորված ազգային մտածելակերպ, որը կփոխանցվի սերունդներին եւ կդառնա կենսակերպ:
Պատվախնդիր հաճընցիները, արծվաբույն Հաճընի անմար ջահը իրենց սրտերում վառած, դեգերեցին օտար ափերում, մաքառեցին ու հաստատվեցին: Փնտրելով իրենց հարազատներին ու ազգականներին`ստեղծեցին գաղութներ` իրենց ազգային, հասարակական, կրթական, եկեղեցական կառույցներով և հայրենակցական միություններով: Այդ տարիներին տպագիր մամուլում հաճախ կարելի էր հանդիպել «Փնտրվում է...» արտահայտությանը: Այսպես սկսվեց ազգականների, հայրենակիցների մեկտեղումը, որի նպատակը միմյանց օգնելն ու նեցուկ լինելն էր: Մեկտեղումը մեր ազգային հիշողությունը պահող ազդակներից կարեւորագույնն է, որովհետեւ հիշողությունը կորցնող ժողովուրդը մոռացության է մատնվում և, չհիշելով ու չգնահատելով անցյալը, աստիճանաբար դադարում է ազգ լինել: Իսկ որպեսզի մոռացության չմատնվեն ազգն ու ազգայինը, պետք է պատմական անցյալը միշտ վառ պահել երիտասարդ սերունդների հիշողության մեջ, ուղղորդել նրանց դեպի ազգային արժեքները: Հաճընի անկումից և Կիլիկիայի դատարկվելուց հետո, տարբեր երկրներում ապաստանած հաճընցիները ստեղծել են իրենց հայրենակցական միությունները Սիրիայի, Հունաստանի, Ֆրանսիայի,ԱՄՆ-ի,Արգենտինայի, Լիբանանի, Պաղեստինի, Ուրուգվայի, Բրազիլիայի և այլ երկրների մեջ:
Հայրենակցական միությունները առաջնորդվում էին հայրենասիրական, միասնական, միաբան ոգով, նվիրական ու համակարգված աշխատանքով, ապագայի նկատմամբ լավատեսությամբ, չխամրող հույսով ու հավատով:
Հաճըն հայրենակցական միությունների նպատակն է` Հայաստանի և աշխարհով մեկ սփռված հաճընցիներին համախմբել ազգանվեր գաղափարի շուրջ, վառ պահել պատմական Կիլիկիո Հաճընի հիշատակը, սերունդներին փոխանցել հաճընցու ավանդույթներն ու հիշողությունները, նպաստել հայրենասեր սերնդի դաստիարակությանը և լինել պահանջատեր հայկական հարցի նկատմամբ այսօր և վաղը:
Միացյալ Նահանգների Հաճընի hայրենակցականների նախաձեռնությամբ Չիկագոյի միությունը նախապատրաստեց Համահաճընցիական Ընդհանուր Պատգամավորական Ժողովը: Սույն ժողովը 1927թ–ի մայիսի 30–ին ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորք նահանգ) աշխարհի բոլոր գործող մարմինների մասնակցությամբ միաձայնությամբ որդեգրեց ՀԱՃՆՈՅ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ անունը և որոշեց անելիքների ծրագիրը և հաստատեց հետայսու բոլոր մասնաճյուղերի միանվագ շարժվելու պարտավորությունը: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ նշանակվում է Չիկագոյում: Այն միավորում է տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։ 1928-ին Միության պաշտոնաթերթ ճանաչվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի մեջ հրատարակվող “Հաճըն” ամսագիրը, որը հրատարակվում է մինչև այսօր։ Կենտրոնական վարչության առաջին գործը Բեյրութում Նոր Հաճըն թաղամաս ստեղծելու ծրագիրն էր:Բեյրութում Հաճընո հայրենակցական միությունը, նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով Միացյալ Նահանգների Հաճընո հայրենակցական վերաշինաց միության կենտրոնական վարչության հետ, որոշեց Բեյրութում իրականացնել «Նոր Հաճըն» անվամբ ավան կառուցելու ծրագիրը։
Որոշ ժամանակ անց հաճընցի գորգագործ վաճառական Կոստանտին Գըթմենյանը որոշեց իր անձնական զոհողությամբ (15.000 ԱՄՆ դոլար) ձեռնարկել սույն ավանի կառուցումը Բեյրութում։1931 թ. նա իր աներ Վեր. Սարգիս Տեվերյանին` որպես ղեկավար, ուղարկում է Բեյրութ՝ նրա վերահսկողության տակ դնելով Բեյրութի արվարձաններից մեկում ընդարձակ մի կալվածք, որը հանդիսանալու էր «Նոր Հաճըն» ավանի կառուցման հիմքը։
Հայերի աշխատասիրությունը, տուն կառուցելու արհեստը և մեծ վարպետությունը, աշխատելու եռանդը, մանավանդ նրանց անկախ և առանց որևէ ողորմության տանտեր դառնալու զգացումը հիացմունքի էր արժանի։
Բեյրութի «Նոր Հաճըն» ավանի կառուցման գործում իրենց բաժին ավանդն ունեն նաև ամերիկաբնակ հաճընցիներից տեր Հարություն Փիլիպոսյանն ու Ստեփան Փիլիպոսյանը։1931 թ. վերջերին Հարություն Փիլիպոսյանը անձամբ Բեյրութ գալով՝ ՆորՀաճըն ավանի հողերի մի մասն էլ ինքն է գնում և 16 տուն կառուցում այրիներին ձրի տալու համար։
Լիբանանի մեջ հաճընցիք ոչ միայն հիմնեցին Հաճըն գավառը,այլ նաև 1938-ին կառուցեցին եկեղեցի`Սբ. Գեւորգ եկեղեցի:
Անցյալ դարի 40-50 -ական թվականներին Բեյրութի Նոր Հաճըն ավանում բնակվում էին մոտ 415 հաճընցիների ընտանիքներ կամ մոտավորապես 2000 հոգի։
Սակայն, ավա՜ղ, քաղաքացիական պատերազմներն ու միջազգային կոնֆլիկտները, որոնց «պատճառով» շենքեր ու ամբողջ թաղամասեր էին վերանում, տեղահան արեցին տեղի հայերին` այդ թվում նաև հաճընցիներին։ Նրանցից շատերը նորից գաղթի ճամփան բռնեցին դեպի Եվրոպա ու մեծ մասն էլ դեպի Ամերիկա ` ԱՄՆ, և այսօր դժվար է ասել` քանի հաճընցի է մնացել Բեյրութում։
Հաճընցիները գաղթել են Պաղեստին և հիմնական բնակություն հաստատել Երուսաղեմում,Հայֆայում, Եաֆում և Ամմանում (Անդրհորդանան) ,և նրանց ընդհանուր թիվը կազմել է 210 հոգի։
1933թ-ին Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միության կենտրոնը Չիկագոյից տեղափոխվում է Լոս Անջելոս, ուր սկսվեց վերահրատարակվել “Նոր Հաճըն” անունով պաշտոնաթերթը: Շուտով մասնաճյուղերի որոշումով Կենտրոնական Վարչությունն ու “Նոր Հաճըն” ամսագիրը փոխադրվեցին Բուենոս Այրես: Եվ այսօր Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում է «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչությունը:Այսօր Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը գործող մասնաճյուղեր ունի Փարիզի, Աթենքի, Բեյրութի, Երևանի, Սան Պաոլոյի, Կալիֆորնիայի մեջ և այլուր:
Աշխարհով մեկ սփռված հաճընցիները, կապված լինելով իրենց տարաբախտ ճակատագրերով, երբեք չլքեցին ու չանտեսեցին իրենց կարիքավոր հայրենակիցներին։ Նրանց սկզբունքն էր` «Ապրել միով բանիվ», ասել Է թե՝ գործել միմյանց համար։ Սա Էր այն հիմքն ու միտքը՝ սկզբունքը բարեգործական գործելակերպի, որ ի կատար էին ածում Սփյուռքում ստեղծված հայրենակցական միությունները։
(img:174208786050870)
Այսօր,բունաւեր արծիւներու պէս,
Ցրուած Սփիւռքի մէջ,կարօտակէզ,
Անխախտ նոյն հաւատքն ունինք ամէնքս ալ,-
Մեր հայրենիքին տէր դառնալ դարձեալ:
Գէորգ Կառվարենց
Հայաստանում “Հաճըն” հայրենակցական միությունը ձևավորվել է 1950-55թթ ընթացքում` Գևորգ Գրբեկյանի գլխավորությամբ: Մինչ այդ (ինչպես արդեն ասվեց) “Հաճըն” հայրենակցական միություններ 1915թ-ի եղեռնից հետո ստեղծվել և գործում էին աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում “Հաճըն” հայրենակցական միությունը ձևավորվեց ու սկսեց իր գործունեությունը Հաճընից գաղթած հաճընցի հայերի ջանքերով:
Միության կազմում իրենց անձնվեր գործունեությամբ աչքի են ընկնում անդամներ`
1.Ղազարոս Խրիմյանը 2.Վարդգես Խրիմյանը 3.Գրիգոր Կոյումջյանը
4.Հովհաննես-Եփրեմ Գեչեկուշյանը 5.Սիսակ-Վահան Ճարատանյանը
6.Ժիրայր Թոփչյանը 7.Զավեն Դոլափչյանը 8.Սիմոն Գրքաշարյանը
9.Երանուհի Առուշանյանը (Հաճի մայրիկ) 10.Ահարոն Մանգրյանը
11.Թաթուլ Թաթուլյանը 12.Միսակ Ջուլֆյանը 13.Մինաս Օրուջյանը
Իսկ արդեն 1990-92 թթ-ին Հայաստանում «Հաճըն» հայրենակցական միությունը նույնքան արդյունավետ ղեկավարում է Գրիգոր Կույումջյանը` հետևյալ անդամների կազմով`
1.Սուրեն Ճարատանյան 2.Հովսեփ Թաթուլյան 3.Համլետ Թուրսարգսյան
4.Հովհաննես Գրիգորյան 5.Լիպարիտ Ալմասակյան
2006թ-ին Արգենտինայում գործող կենտրոնական վարչության պատվիրակությունը Հայաստան կատարած այցի ժամանակ առաջարկում է վերընտրել Հայաստանի “Հաճըն” հայրենակցական միության նոր նախագահ` պայմանավորված գործող նախագահի վատառողջ լինելու հանգամանքով: Վարչության կողմից առաջադրվում է վարչության անդամ Հովհաննես Գրիգորյանի թեկնածությունը,ով, գիտակցելով ու արժևորելով իր նախորդներից ժառանգված ավանդենրի դերն ու նշանակությունը, հավասարակշռված ու խոստումնալից քայլերով միության գործունեությունը ուղղորդում է հաճընցուն վայել ընթացքով: Ներկայիս նախագահը հաճընցու և Էրզրումցու թոռ է. մորական պապը` սպա Սարգիս Ճրտխյանը, եղել է «Հաճընի» հերոսական ինքնապաշտպանության նախաձեռնողներից մեկը, ով 8-ամսյա ինքնապաշտպանության ժամանակ հրամանատար Արամ Կայծակի հետ միասին 6 սպաներով փրկել են 365 հաճընցիների: Հաճընի հերոսամարտից հետո Սարգիս Ճրտխյանը տեղափոխվել է Հունաստան, ուր մասնակցել է հույն-թուրքական պատերազմին` իր հրամանատարի հետ արժանանալով ազգային հերոսի կոչման, իսկ Հայաստան ներգաղթից հետո կնոջ` Եփրուհի Ճրտխյանի հետ եղել է Նուբարաշենի հաճընցի հիմնադիրներից մեկը` գլխավոր կոմենդատը:
Սկսվում է Հայաստանի “Հաճըն” հայրենակցական միության գործունեության նոր էտապ: Այն նշանավորվում է հաճընցիների վերահաշվառման և միության նոր խորհրդանիշի` “Վերածննդի շնորհանդես”-ով: Ապրիլի 24-ի կապակցությամբ միությունը կազմակերպում է գրական երաժշտական հուշ-երեկոներ` նվիրված եղեռնի հիշատակին: «Հաճըն» հայրենակցական միությունը հավատում է, որ նմանատիպ միջոցառում-ծրագրերը կդառնան հայապահպանության եւ ազգային գաղափարներն արժեւորելու ու տարածելու խթան:Այսօր ևս շարունակվում է միության ակտիվ գործունեությունը: Միության նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվում են միջոցառումներ, հանդիպումներ, փոխայցելություններ: Տեղական մամուլում և հեռուստատեսությամբ ցուցադրվում և տպագրվում են տեղեկատվական ու հրապարակային նյութեր` կապված հաճընցիների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի հետ:
Այսօր Հայաստանի “Հաճըն” հայրենակցական միությունը գործում է հետևյալ կազմով`
նախագահ`
Հովհաննես Գրիգորյան
անդամներ`
1. Սուրեն Ճարատանյան 2. Համլետ Թուրսարգսյան 3. Հովսեփ Թաթուլյան
4. Խաչիկ Կույումջյան 5. Իշխան Նազարյան
Վերստուգիչ հանձնաժողով`
Լիպարիտ Ալմասակյան